ՍԱՏՄ-ն հայտնաբերել է կեղծված կաթնամթերք
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել կաթնամթերք արտադրող երեք ընկերություններում՝ «Վանանդ», «Իգիթ» և «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ներում՝ նպատակ ունենալով պարզել կաթնամթերքի հետագծելիության ապահովումը և արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին։
Ստուգայցերի ընթացքում իրականացվել է կաթնամթերքի նմուշառում, որը հետագայում փորձաքննվել է լաբորատորիայում։ Հետազոտությունների արդյունքներով՝ «Իգիթ»-ից վերցված «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված Լոռի պանրի տեխնոլոգիայով «Գեղամա»» ապրանքատեսակը համապատասխանել է կաթի և կաթնամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Մասնավորապես՝ կաթնայուղի զանգվածային մասի ցուցանիշը գտնվել է սահմանված նորմերի շրջանակում։
Նույնը չի կարելի ասել մյուս երկու արտադրողների մասին։ «Վանանդ» ՍՊԸ-ի արտադրված «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված աղաջրային պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի երկու խմբաքանակները և «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ի «Ջաջուռ» ապրանքանիշի նմանատիպ արտադրանքը չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրանքների կաթնայուղի զանգվածային մասը կազմել է ընդամենը 1-5%, հետևաբար դրանք համարվում են կեղծված սննդամթերք։
Տեսչական մարմինը տնտեսավարողներին տրամադրել է կարգադրագրեր՝ արտադրանքի վտանգավոր խմբաքանակները հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացնելու վերաբերյալ։
