Հայաստանը հայտնվել է համաշխարհային ամենաանհամեղ խոհանոց ունեցող երկրների շարքում
Վերլուծական World Population Review (WPR) հարթակը հրապարակել է 2025 թվականի երկրների ազգային խոհանոցների վարկանշային աղյուսակը։ Այն կազմվել է TasteAtlas-ի՝ շուրջ 400 հազար օգտատերերի գնահատումների հիման վրա։ Ցուցակում ընդգրկվել է 99 երկիր։
Հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 93-րդ տեղը, քանի որ 5 հնարավոր միավորից վաստակել է ընդամենը 3,9։ Նույն կարգավիճակում է նաև Ղազախստանը, որը 92-րդն է։ Տարածաշրջանի երկրների մեջ լավագույն արդյունքը ունի Վրաստանը՝ 30-րդ հորիզոնական։ Ադրբեջանը 56-րդն է։ Վերջին տեղերում են Նիկարագուան, Լաոսը և Բոլիվիան։
Վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հունաստանը՝ 4,6 միավորով, երկրորդ տեղում Իտալիան է (4,59), երրորդը՝ Մեքսիկան (4,52), ապա Թուրքիան և Իսպանիան՝ յուրաքանչյուրը 4,50 միավորով։ Տասնյակում են նաև Պորտուգալիան, Ինդոնեզիան, Ֆրանսիան, Ճապոնիան և Չինաստանը։
Աղյուսակը կազմվել է ազգային խոհանոցների ընդհանուր գնահատականների հիման վրա՝ առանց առանձին ուտեստների առանձնահատկությունները հաշվի առնելու։
Այս տվյալների համաձայն՝ Հայաստանի խոհանոցը համաշխարհային մասշտաբով դասվել է համեմատաբար վատերի շարքում։

