«Արզնի կաթնամթերքի» թթվասերի արտադրությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կասեցրել է «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ի արտադրամասում արտադրվող թթվասերի տեխնոլոգիայով պատրաստված արտադրատեսակի արտադրությունը։
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները Երևան քաղաքի Մոլդովական փողոցում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Սեմյոնիչ» ապրանքանիշի «կաթ պարունակող մթերք, կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով 20%» արտադրատեսակից և այն ուղարկել լաբորատոր փորձաքննության։
Լաբորատոր հետազոտության արդյունքներով պարզվել է, որ տվյալ արտադրատեսակը կաթնայուղի զանգվածային մասի ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը։
Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրատեսակը գործող օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է համապատասխան վերջնաժամկետ։

