«Քարֆուր»-ի հրուշակեղենի արտադրամասում հայտնաբերվել են խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սի Ար Էֆ Ռիթեյլ» ՍՊԸ-ին պատկանող «Քարֆուր» ապրանքանիշի հացաբուլկեղենի, ալրային և կրեմային հրուշակեղենի արտադրամասում՝ Արշակունյաց պողոտայում։

Ստուգման ընթացքում տեսուչները նմուշառում են կատարել «Կրուասան կրեմով», «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» և «Նուտելայով տորթ» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության։

Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ «Կրուասան կրեմով» արտադրատեսակի նմուշը մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների (ՄԱՖԱՆՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) և S. aureus-ի ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։

Նույնպես անհամապատասխանություն է արձանագրվել «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակի դեպքում՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նշված արտադրատեսակները գործող օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։ Խախտումները վերացնելու նպատակով սահմանվել է վերջնաժամկետ։

Մարինա Գրիգորյան