Ժամանակավորապես արգելվել է գերմանական ծագում ունեցող որոշ կենդանիների մուտքը Հայաստան
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ 2025 թվականի մարտի 26-ից ժամանակավորապես արգելվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից և գերմանական ծագում ունեցող, Գերմանիայով տարանցիկ փոխադրվող որոշ կենդանական մթերքների ներմուծումը Հայաստան։
Արգելքը վերաբերում է դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիներին՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներին, խոզերին, ուղտազգիներին, ինչպես նաև դրանցից ստացված թարմ, պաղեցված, սառեցված մսին և ենթամթերքներին։ Արգելքը ներառում է նաև խոշոր եղջերավոր կենդանիների (ներառյալ գոմեշների) չմշակված մորթին։
Այս որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տվյալները, ըստ որոնց՝ Գերմանիայում արձանագրվել է դաբաղ հիվանդության դեպք։ Հարկ է նշել նաև, որ հիվանդությունը Գերմանիայում հայտնաբերվել էր դեռևս 2025 թվականի հունվարին։
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ վերահսկողությունը խստացվել է՝ ապահովելու երկրի կենսահամակարգային անվտանգությունը։
