
Խախտումներ են հայտնաբերվել մանկապարտեզի խոհանոցում
Լոռու մարզի «Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի» խոհանոցում իրականացված վերահսկողությամբ բացահայտվել են մի շարք սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այդ պատճառով այն որոշ ժամանակ չի աշխատի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ խոհանոցը չի եղել բավարար կերպով ապահովված հիգիենայի բոլոր պայմաններով:
Մասնավորապես, խոհանոցում բացակայել են ձեռքերի լվացման համար անհրաժեշտ բոլոր սարքերը՝ լվացարանները, հիգիենիկ միջոցներն ու սարքերն, ինչպես նաև օդափոխության համակարգերը և անձնակազմի համար հանդերձարանը: Խոհանոցի հատակն ու պատերը եղել են ոչ նորոգ վիճակում, իսկ սեղանների մակերեսները՝ անհարթ ու ճեղքերով: Սանիտարական պահանջներին չհամապատասխանող վիճակում գտնվող խոհանոցում բացակայել են նաև միջատապաշտպան ցանցերը:
Այս պայմաններում, ՍԱՏՄ-ի կողմից մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, և խախտումները վերացնելու համար սահմանվել է հատուկ ժամկետ:
Հիշեցնենք, որ փետրվարին էլ Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունն էր կասեցվել՝ կրկին սանիտարահիգիենիկ պայմանների խախտումների պատճառով։