
Կասեցվել է կարագի արտադրամասի գործունեություն
Երևանում գործող «ՆԴՊ» ՍՊԸ-ին պատկանող կարագի արտադրամասի աշխատանքը կասեցվել է՝ սանիտարահիգիենիկ խախտումների հիմքով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է, որ ստուգման արդյունքում հայտնաբերված կոպիտ խախտումները կարող էին վնաս հասցնել մարդկանց առողջությանը։
ՍԱՏՄ-ի հաղորդմամբ՝ արտադրամասում հայտնաբերվել են խաչաձևվող հոսքերի բացառմանն անհամապատասխան տեխնոլոգիական լուծումներ, բացակայել են կրծողների ու միջատների ներթափանցումը կանխող պայմաններ, ինչպես նաև պահպանման պատշաճ պայմաններ հումքի, փաթեթավորման նյութերի ու պատրաստի սննդամթերքի համար։
Բացի այդ, տարածքում չեն եղել աշխատակազմի համար նախատեսված հանդերձարաններ, կոյուղու համակարգը չէր պաշտպանում սնունդը կեղտից ու աղտոտումից, իսկ որոշ սարքավորումներ ու գույք պատրաստված չեն եղել համապատասխան նյութերից։ Նշվում է նաև, որ գործիքներն ու տարաները պատշաճ չեն մաքրվել կամ ախտահանվել։
Արտադրական գործընթացը դադարեցվել է, իսկ ընկերությանը տրվել է խախտումները վերացնելու ժամկետ։
Նշենք, որ վերջին ամիսներին հաճախակի են կասեցվում սննդամթերքի արտադրամասերի գործունեություններ։ Վերջին 1 ամսվա ընթացքում շուրջ 8 նմանօրինակ արտադրամասի գործունեություն է կասեցվել։