
Խնձորեսկում արտադրվող պանրում հայտնաբերվել են վտանգավոր մանրէներ
Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում գործող կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Թունյանին պատկանող արտադրամասում։
Նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով «Պանիր Լոռի» ապրանքատեսակը չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության նորմերին։ Մասնավորապես՝ պանրի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ինչպես նաև ոսկեգույն ստաֆիլակոկ (S.aureus), ինչը խոսում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտման մասին։
Տեսչական մարմինը որոշում է կայացրել ժամանակավորապես կասեցնել տվյալ ապրանքատեսակի արտադրությունը՝ մինչև բոլոր խախտումների վերացումը։
Հարկ է նշել, որ S. aureus մանրէն առկա է մարդկանց մաշկի վրա կամ քթում և կարող է սնունդը աղտոտել արտադրության կամ փաթեթավորման ժամանակ, եթե սանիտարական նորմերը խախտվում են։