
Լճաշենում սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում կասեցվել է «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը։ Պարզվել է, որ արտադրամասում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը՝ ստեղծելով սննդամթերքի աղտոտման ռիսկեր։
Մասնավորապես, շինություններն ու տեխնոլոգիական սարքավորումներն ի սկզբանե նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեր աղտոտման վտանգը։ Պատերի, առաստաղների, դռների մակերեսները պատրաստված չեն եղել լվացվող, անջրանցիկ և ախտահանվող նյութերից։ Սննդամթերքի հետ շփվող սարքավորումները և պարագաները չեն համապատասխանել հիգիենայի պահանջներին և չեն գտնվել բարեկարգ վիճակում։
Բացի այդ, կոյուղու համակարգը գտնվել է կեղտոտ և վնասված վիճակում, իսկ բացվող պատուհանները պաշտպանիչ ցանցերով չեն համալրվել՝ չբացառելով միջատների ներթափանցումը արտադրամաս։
Պաշտոնյաները արտադրամասի գործունեությունը կասեցրել են՝ խախտումների վերացման համար սահմանելով ժամկետներ։