ՀայաստանՍնունդ

Պաղպաղակի արտադրության հերթական խախտումները. կասեցվել է երեք արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերջին ստուգումների արդյունքում երեք արտադրամասի արտադրական գործունեությունը ևս կասեցվել է՝ մանրէաբանական և որակական շեղումների պատճառով։

«Իգիթ» ՍՊԸ-ի արտադրած «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով դեղձի համով» ապրանքատեսակի նմուշում արձանագրվել է միանգամից մի քանի խախտում․ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աերոբ ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ), ինչպես նաև կաթնայուղի զանգվածային մասի շեղում օրենսդրությամբ սահմանված նորմերից։

«Փինք Բերրի» ՍՊԸ-ի մի քանի արտադրատեսակներում՝ «Ուտոպիա» վանիլային շոկոլադային կտորներով պլոմբիրում, «Այս բուրգեր» վանիլային թխվածքաբլիթով պլոմբիրում, ինչպես նաև «Շոկոլադային պաղպաղակ» և «Վանիլային պաղպաղակ» տեսակներում, հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշով խախտումներ։ Իսկ «Մրգային պաղպաղակ»-ի նմուշը ունեցել է յուղի զանգվածային մասի շեղում։

Անհատ ձեռնարկատեր Ազատ Ղազանչյանի արտադրած «Կաթնասերուցքային վանիլային» պաղպաղակի նմուշում նույնպես հայտնաբերվել են մանրէներ, ինչը նշանակում է, որ տվյալ ապրանքատեսակը ևս չի համապատասխանել սահմանված պահանջներին։

Նշված խախտումների հիման վրա Սննդի անվտանգության տեսչական մարմինե կասեցրել է տվյալ արտադրատեսակների արտադրությունը՝ սահմանելով խախտումների վերացման հստակ ժամկետներ։ Արտադրանքն անհրաժեշտության դեպքում ենթակա կլինի շուկայից հետ կանչման, ոչնչացման կամ օգտահանման։

Հիշեցնենք, որ սա առաջին նման դեպքը չէ։ Մինչ այս՝ նախորդ օրը, ՍԱՏՄ-ն արդեն իսկ հրապարակել էր մի շարք այլ արտադրողների՝  «Գրանդ Քենդի»-ի «Սենդվիչ» պլոմբիրները, «Պլոմբիր վանիլային», «Սեր», «Պլոմբիր շոկոլադե», ինչպես նաև «Ընտանեկան» և «Էսկիմո» տեսակի պաղպաղակների նմուշներում հայտնաբերված խախտումների մասին։ Դրանց արդյունքում ևս կասեցվել էր տվյալ ապրանքատեսակների արտադրությունն ու իրացումը։

Սեդա Մարտոյան