
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Պիցցա Տաշիր»-ի մի քանի մասնաճյուղերի աշխատանքը. ստուգումները շարունակվում են
Հունիսի 11-ից սկսած՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսել է լայնածավալ ստուգումներ «Պիցցա Տաշիր» ընկերության մասնաճյուղերում։ Ստուգումներն ընդգրկել են հանրապետությունում գործող բոլոր 36 կետերը։
Արդյունքում մի շարք խախտումներ են արձանագրվել, որոնց հիման վրա առանձին արտադրատեսակների իրացումը արգելվել է, իսկ որոշ կետերի գործունեությունը՝ ժամանակավորապես կասեցվել։
Տեսչական մարմինը հունիսի 11-ին առաջին հերթին արգելել է երկու տեսակի աղցանի իրացումը, որոնք, ըստ լաբորատոր փորձաքննության, չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության պահանջներին։ Դրանից հետո վերահսկողությունները ընդլայնվել են՝ ընդգրկելով բոլոր մասնաճյուղերը։ Այս պահի դրությամբ ՍԱՏՄ-ն կասեցրել է «Տաշիր Պիցցա»-ի Մաշտոցի, Իսահակյանի, Տերյանի և Ծիծեռնակաբերդի խճուղու մասնաճյուղերի աշխատանքը։ Մասնաճյուղերում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ։
Մասնավորապես՝ պատերն ու առաստաղները չէին ապահովում լվացվող կամ ախտահանվող մակերեսների պահանջը, հատակները ունեցել են ջրի կուտակման խնդիրներ, աշխատանքի մակերեսներն ունեցել են մաշվածություններ։
Տեսչական մարմինը խախտումների վերացման համար սահմանել է ժամկետներ, որոնց ավարտից հետո միայն կդիտարկվի մասնաճյուղերի վերաբացումը։ «Պիցցա Տաշիր»-ը, ըստ ՍԱՏՄ ներկայացուցիչ Անուշ Հարությունյանի, ամեն տարի դիմում է ստուգման՝ սկսած 2022-ից, և գրեթե ամեն անգամ էլ արձանագրվում են խախտումներ։ Այս տարի ևս բացառություն չէ։
Նրա խոսքով՝ վերահսկողությունը կատարվում է ամբողջ ցանցի մասշտաբով։ Ընկերությունն արդեն ստացել է իրացման, արգելման և արտադրատեսակների հետ կանչի մասին համապատասխան որոշումները։ Եթե ստուգումների ընթացքում նոր խախտումներ արձանագրվեն, կասեցումների թիվը կարող է ավելանալ։