ՀայաստանՍնունդ

Երևանում կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս երկու հանրային սննդի կետի գործունեությունը

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող Երևանի երկու հանրային սննդի կետերի արտադրական գործունեությունը։ Ըստ ՍԱՏՄ-ի՝ ընկերության կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ այս փուլում վերահսկողություն է իրականացվում կազմակերպությանը պատկանող 30 մասնաճյուղերում։

Հանրապետության փողոց 37 հասցեում գործող մասնաճյուղում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։ Տեսուչների կողմից արձանագրվել է, որ սննդի կետի պատերն ու հատակը չեն եղել հարթ մակերեսով, չեն պատրաստվել լվացվող և չներծծող նյութերից, իսկ արտադրական գոտիները չեն ապահովել անհրաժեշտ պայմաններ սննդամթերքի պատրաստման և վերամշակման համար։

Նմանատիպ խախտումներ հայտնաբերվել են նաև Հյուսիսային պողոտա 18/77 հասցեում գործող մասնաճյուղում։ Տեսչական մարմինը հայտնում է, որ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխեն կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելը, հատակի որոշ հատվածներ և սննդամթերքի պահպանման գույքը չեն եղել նորոգ և հեշտ մաքրվող, իսկ պատերը չեն համապատասխանել անվտանգության նորմերին։

Երկու մասնաճյուղերում արտադրական գործունեությունը կասեցվել է։ ՍԱՏՄ-ն սահմանել է հստակ ժամկետ խախտումների վերացման համար։ Վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

Հիշեցնենք, որ «Պիցցա Տաշիր» ընկերությունը Սննդի անվտանգության տեսչական մարմնի թիրախում է հայտնվել հունիսի 11-ից։ Վերահսկողությունը ուժեղացվել է «Տաշիր» ցանցի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո։