ՀայաստանՍնունդ

Այնթապ գյուղում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը սանիտարական խախտումների պատճառով

Արարատի մարզի Այնթապ գյուղում դադարեցվել է մսամթերք (մոժոժ) արտադրող անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող արտադրամասի աշխատանքը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը գործունեությունը կասեցնելու որոշում է կայացրել՝ արտադրամասում արձանագրելով սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ։

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ արգելանքի հիմք են ծառայել արտադրամասում արձանագրված մի շարք կոպիտ սանիտարահիգիենիկ խախտումներ։

Մասնավորապես՝

— շինությունների կառուցվածքը, դասավորությունն ու չափսերը չեն ապահովել մաքրության ու աղտոտվածության գծերով հոսքերի տարանջատումը,

— տարածքը բավարար կերպով չի պաշտպանվել աղտոտումից, սննդամթերքի մեջ մասնիկների թափվելու, բորբոսի ու կոնդենսատի առաջացման վտանգից,

— չի իրականացվել սարքավորումների տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,

— բացակայել են կենդանիներից, կրծողներից և միջատներից պաշտպանվելու անհրաժեշտ միջոցառումները,

— շինություններում չեն եղել օդափոխության համակարգ, սանհանգույց, լվացարաններ, անձնակազմի հանդերձարան,

— պատերի, հատակի, դռների մակերեսները պատրաստված չեն եղել սննդի արտադրության համար համապատասխան նյութերից,

— բացակայել է համապատասխան կոյուղու համակարգ, ինչը վտանգավոր է սննդամթերքի աղտոտման տեսանկյունից։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ, որից հետո միայն հնարավոր կլինի քննարկել արտադրական գործունեության վերսկսման հնարավորությունը։