ՀայաստանՍնունդ

Կասեցվել է «Համով կաթ» արտադրամասի գործունեությունը

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում գործող «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի աշխատանքը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով։Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը  հայտնաբերել է մի շարք կոպիտ խախտումներ, որոնք վտանգ են ներկայացնում սննդամթերքի անվտանգության համար։

Արտադրական տարածքում հայտնաբերվել են սննդի արտադրության հետ կապ չունեցող պարագաներ։ Հատակները եղել են անհարթ, սալիկները՝ կոտրված, ինչը անհնար է դարձրել դրանց պատշաճ մաքրումը և ախտահանումը։ Պարզվել է, որ պանրի աղաջրային սենյակի պատերը պատրաստված չեն ախտահանվող և ջրադիմացկուն նյութերից։

Նույնքան խնդիրներ են արձանագրվել առաստաղի հատվածում, որը, տեսուչների գնահատմամբ, ապահովված չէ՝ կանխելու բորբոսի առաջացումը, կեղտի կուտակումը կամ մասնիկների թափվելը։ Բացի այդ, բացվող պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, ինչը խանգարում է արտադրամասի պաշտպանությանը միջատների ներթափանցումից։

Արտադրամասի ընդհանուր կառուցվածքը ևս չի համապատասխանում սանիտարահիգիենիկ պահանջներին։ Այն չի ապահովում կենդանիների և կրծողների մուտքի կանխարգելումը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Համով կաթ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։

Սեդա Մարտոյան