ՀայաստանՍնունդ

Կասեցվել է «Ծիրան Մարկետ»-ի երկու արտադրամասերի գործունեությունը

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասերի գործունեությունը՝ Երևանի Գայի պողոտա 8/2 և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեներում։

Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների ստուգումների ընթացքում նշված արտադրամասերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ աղցանների և խոհարարական արտադրանքի արտադրամասում սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական տարածք, շինությունները հագեցած չեն եղել համազգեստի համար նախատեսված կախիչներով, իսկ անձնակազմի անձնական իրերը պահվել են արտադրական տարածքում։ Բացի այդ, սարքավորումները, գործիքները, հումքի մշակման սեղաններն ու լվացարանները չեն գտնվել պատշաճ վիճակում։

Կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասում բացի այս խախտումներից, հատակներն ու պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող, առկա են եղել վնասվածքներ, իսկ եփման վառարանը և օդատար համակարգը չեն գտնվել նորոգ ու բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի որոշմամբ սահմանվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար, ինչից հետո կրկին կիրականացվեն ստուգումներ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ կասեցվել էր նաև Աբովյան քաղաքում գտնվող «Ծիրան Մարկետի» հացի արտադրամասի գործունեությունը։