
Բակային մորթի միսը դուրս չի գալիս շուկայից․ ի՞նչ խնդիրներ կան ոլորտում
Երևանի շուկաներում շարունակվում է վաճառվել բակային պայմաններում մորթված կենդանիների միս։ Երկու շաբաթում միայն մայրաքաղաքում առգրավվել է մոտ երկու տոննա՝ 1859,9 կգ ապօրինի իրացվող միս։ Խնդրի արմատը, ինչպես պնդում են մսավաճառները, ոչ թե օրենքի անտեսումն է, այլ համակարգային խոչընդոտը. սպանդանոցները չեն կարողանում ապահովել օրինական մսի բավարար խմբաքանակ։ Արդյունքում՝ տնտեսավարողներն իրենց ապրանքը ձեռք են բերում գյուղերում իրականացված բակային մորթից, իսկ սա ոչ միայն խախտում է օրենքը, այլ նաև սպառնում է սպառողների առողջությանը։
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը նշում է, որ եթե ընդամենը մեկ շաբաթ մսի իրացման կետերը օրենքով շարժվեն, և չընդունեն բակում մորթված կենդանու միսը, խնդիրը կկարգավորվի։ Սակայն տնտեսավարողները հակադարձում են՝ նշելով, որ սպանդանոցները չեն կարողանում բավարարել անհրաժեշտ խմբաքանակը։
Ինչպես նշում է տեսչական մարմինը՝ պետական վերահսկողությունը շարունակական է լինելու ոչ միայն Երևանի շուկաներում, այլև հանրապետության ողջ տարածքում։ Սակայն առանց ենթակառուցվածքային լուծումների՝ աշխատող սպանդանոցների ցանց, մատչելի գներ և գյուղացու համար հարմար պայմաններ՝ խնդիրն իրավական դաշտից դուրս չի գա։