
Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցրել են «Սևա Հոթելս» ՍՊԸ-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։ Ստուգումների ընթացքում հայտնաբերվել են մի շարք սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես՝ խոհանոցում օդից փոխանցվող աղտոտման ռիսկերը նվազագույնի չեն հասցվել, միջատների դեմ պայքար չի տարվել, պատուհաններն ու բացվածքները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, սննդի շղթայում ներգրավված երեք աշխատակիցները չեն անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություններ։
Բացի այդ, հայտնաբերված խոզի, գառան և հավի թարմ մսեղիքը եղել է ոչ սպանդանոցային ծագման և չի ունեցել համապատասխան անասնաբուժական վկայականներ։ Մսեղիքը առգրավվել և ոչնչացվել է։
Խախտումների հիմքով Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ օբյեկտի գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր հանձնարարականներ և սահմանվել են խախտումները վերացնելու ժամկետներ։