
Եղեգնաձորում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող պանրի արտադրամասի գործունեությունը՝ Եղեգնաձորում։ Վերահսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ արտադրամասը գործում էր սանիտարահիգիենիկ խախտումներով։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ պանրի հասունացման սրահում հայտնաբերվել են կեղտի կուտակումներ, իսկ կաթի ընդունման սրահում ու արտադրական տարածքում պահվել են չօգտագործվող նյութեր և պարագաներ։ Բացի այդ, արտադրամասի պատերը, առաստաղներն ու հատակները ապահովված չեն եղել լվացվող և անջրանցիկ նյութերով, առկա են եղել բորբոսի հետքեր։
Նշվում է նաև, որ դռները ենթարկված են եղել կոռոզիայի, սեղանների մակերեսները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, իսկ սարքավորումների որոշ հատվածներում հնարավոր չի եղել իրականացնել լվացման և ախտահանման գործընթացներ։ Լվացարաններում բացակայում էր տաք և սառը ջրի ապահովումը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է, իսկ ընկերությանը տրվել է խախտումները վերացնելու ժամկետ։