
Պաղպաղակի մի շարք տեսակների արտադրությունը կասեցվել է «Ձյան փաթիլներ» արտադրամասում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «Ձյան փաթիլներ» արտադրական կոոպերատիվին պատկանող պաղպաղակի արտադրամասում։ Ստուգումների ընթացքում վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ «Nostalgia», «Ձյունիկ» և «Մանկական» (արտադրված 2025 թվականի հունիսի 9-ին) արտադրատեսակները չեն համապատասխանում մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին՝ «կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով։
Հաշվի առնելով լաբորատոր արդյունքները՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ դադարեցվել է նշված արտադրատեսակների արտադրական գործունեությունը մինչև խախտումների վերացումը։
Արտադրական կոոպերատիվին տրվել է կարգադրագիր՝ արգելելու խմբաքանակի իրացումը, այն շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ։