ՀայաստանՍնունդ

Նուբարաշենում ձկան վերամշակման և քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Նուբարաշենում գտնվող ձկան վերամշակման և քացախաթթվի շշալցման արտադրամասի աշխատանքը դադարեցվել է։ Պատճառը սննդամթերքի անվտանգության պահանջների խախտումներն են, որոնք հայտնաբերել են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները։

Ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրամասում չեն պահպանվել հիգիենայի համար պարտադիր պայմանները։ Շենքի կառուցվածքը և դասավորվածությունը չեն ապահովել մաքուր ու աղտոտված հոսքերի տարանջատումը։ Արտադրամասի պատերն ու հատակը պատրաստված չեն եղել լվացվող և ախտահանվող նյութերից, ինչի հետևանքով չի բացառվել աղտոտվածության ռիսկը։ 

Տանիքը պատված է եղել պոլիէթիլային շերտով, որը չի կանխարգելել կեղտի ու բորբոսի կուտակումը։ Բացի այդ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող պարագաները չեն համապատասխանել հիգիենայի պահանջներին։

Այս խախտումների հիման վրա արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը արտադրամասին ժամանակ է տրամադրել թերությունները վերացնելու համար։

Սեդա Մարտոյան