
Վտանգավոր միկրոօրգանիզմներ կաթնամթերքում․ ինչու՞ է կասեցվել Եղեգնաձորի արտադրամասի աշխատանքը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից Եղեգնաձորում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում պարզվել են լուրջ խախտումներ։ Արտադրամասը պատկանում է անհատ ձեռնարկատեր Անահիտ Հաբոյանին։
Տեսուչները նմուշառման միջոցով լաբորատոր հետազոտության են ուղարկել մի շարք արտադրատեսակներ։ Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ «Թան» արտադրատեսակի (արտ․՝ 13․08․2025) նմուշում առկա են խմորասնկեր և բորբոսասնկեր, որոնք թույլատրելի սահմանաչափերից բարձր են։ Այս միկրոօրգանիզմները կարող են ոչ միայն խաթարել արտադրանքի համային և որակական հատկանիշները, այլև առողջական խնդիրներ առաջացնել սպառողների մոտ։
Տեսչական մարմինը արտադրողին տրամադրել է կարգադրագիր՝ պարտավորեցնելով դադարեցնել արտադրանքի իրացումը, հետ կանչել արդեն շուկայում հայտնված խմբաքանակները և կազմակերպել դրանց ոչնչացումը կամ օգտահանումը։ Միևնույն ժամանակ արտադրողին հանձնարարվել է ապահովել, որ հետագա արտադրանքը լիովին համապատասխանի տեխնիկական կանոնակարգերին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՍԱՏՄ-ի ստուգումների ընթացքում արդեն մի քանի արտադրամասի աշխատանք ժամանակավորապես կասեցվել է։