ՀայաստանՍնունդ

Վտանգավոր մանրէներ են հայտնաբերվել «Հին Ապարան» ՍՊԸ-ի կաթնամթերքում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողները Կոտայքի մարզի Զովունի գյուղում ստուգել են «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասը։ Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրամասում արտադրված մի շարք կաթնամթերքներում առկա են եղել թույլատրելի սահմանները գերազանցող մանրէներ։

Մասնավորապես, «Կաթի սերուցք 50%»-ում (արտադրված՝ 18 օգոստոսի, 2025թ.) հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ինչպես նաև Staphylococcus aureus։ Նույն օրն արտադրված «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով արտադրված 18% յուղայնությամբ թթվասերի տեխնոլոգիայով» արտադրանքում արձանագրվել են աղիքային մանրէների և բորբոսասնկերի ոչ թույլատրելի չափեր։

Արդյունքում արտադրամասի որոշ արտադրական գործընթացներ դադարեցվել են։ Ընկերությանը պարտավորվել է հետ կանչել ու ոչնչացնել վտանգավոր խմբաքանակները։

Staphylococcus aureus-ը արտադրում է թունավոր նյութեր, որոնք անգամ ջերմային մշակման ընթացքում միշտ չեն ոչնչանում։ Աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայությունը վկայում է հիգիենիկ խախտումների մասին և կարող է առաջացնել աղիքային վարակներ։ Իսկ բորբոսասնկերից մի քանիսը արտադրում են միկոտոքսիններ, որոնք երկարաժամկետ ազդեցության դեպքում վնասում են լյարդը։