
«Գետամեջ»-ի թռչնամսի արտադրամասի աշխատանքը կասեցվել է
Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գործող «Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ընկերության թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սննդամթերքի անվտանգության խախտումների պատճառով։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների ընթացքում լաբորատոր փորձաքննության են ներկայացվել բրոյլեր հավի երկու տեսակի արտադրատեսակներ՝ ամբողջական սառեցված և թևեր։ Արդյունքում պարզվել է, որ ամբողջական հավը համապատասխանում է Մաքսային միության պահանջներին, սակայն թևերում հայտնաբերվել է վտանգավոր ախտածին՝ սալմոնելա։
Խախտման հիմքով տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ արտադրամասի աշխատանքը դադարեցվել է։ Ընկերությանը տրվել է ժամկետ՝ բացահայտված խնդիրները վերացնելու համար։ Մինչ այդ տնտեսվարողին արգելվել է վարակված խմբաքանակի իրացում։ Այն պետք է հետ կանչվի շուկայից և ոչնչացվի կամ օգտահանվի։