
Աբովյանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի աշխատանքը
Աբովյան քաղաքում կասեցվել է Մայրանուշ Մկրտչյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները պարբերական վերահսկողության շրջանակում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ արտադրամասում չի ապահովվել սննդամթերքի անվտանգության համար պարտադիր համարվող սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը։
Մասնավորապես, արտադրական տարածքներում գործող օդափոխության համակարգերը բավարար չեն եղել սննդամթերքի աղտոտումը կանխելու համար, իսկ շինության պատերը, առաստաղն ու հատակը պատրաստված չեն եղել այնպիսի նյութերից, որոնք հնարավոր է հեշտությամբ լվանալ և ախտահանել։ Բացի այդ, արտադրամասը չունեցել է նաև աշխատակազմի համար նախատեսված հանդերձարան, ինչը ևս համարվում է պարտադիր պահանջ։
Արդյունքում տեսչական մարմինը կասեցրել է արտադրամասի աշխատանքը և սահմանել է ժամկետ, որի ընթացքում սեփականատերը պետք է վերացնի հայտնաբերված խախտումները։