Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերության ծառայության մեջ փոփոխություններ են արվել
Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերության ծառայության որակն ու ֆինանսական վիճակն էականորեն բարելավվել է։ Այս մասին հայտարարել է Տիգրան Ավինյանը։
Ծառայությունում ներդրվել է բջջային հատուկ հավելված, որը հնարավորություն է տալիս շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացնել էլեկտրոնային եղանակով։ Դրա միջոցով բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում։ Հետագայում բուժող բժիշկը տիրապետում է բուժառուի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային։
Նոր համակարգեր են կիրառվել նաև զանգերի սպասարկման կենտրոնում։ Փոխվել է նաև անձնակազմի արտահագուստը։
Ավինյանի խոսքով, եթե 2023 թվականի հունիսին «Շտապբուժօգնություն»-ը ուներ 75 մլն դրամի պակասուրդ, ապա այս տարի մոտավորապես նույն չափով ավելցուկ ունի ընկերությունը:
