Ի՞նչ վիճակում են Արցախից Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիները
Արցախից Հայաստան տեղափոխված 11 անձանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը հիշեցրել է, որ Արցախում բռնի տեղահանությունից հետո մնացած 10 հայ և մեկ ռուս քաղաքացի հունվարի 23-ին տեղափոխվել են Հայաստան։ Նրա խոսքով՝ բոլորն արդեն անցել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, ներառյալ՝ քրոնիկ հիվանդությունների հետ կապված ստուգումները։
Նրանց առողջական խնդիրների ընթացիկ լուծումները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և համապատասխան քայլերը կազմակերպվում են,– նշել է Ավանեսյանը։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ անձամբ չի այցելել նրանց, քանի որ առիթ չի ստեղծվել։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ քաղաքացիներին տրամադրվում է ամբողջ անհրաժեշտ բժշկական օգնությունը։
Անդրադառնալով ադրբեջանական գերությունից վերադարձած և սրտի բաց վիրահատություն տարած Վագիֆ Խաչատրյանին, նախարարը հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել, և նա ներկայումս գտնվում է վերականգնողական փուլում։
Հարկ է նշել, որ վերջին օրերին գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակի մասին ահազանգել էր կինը։ Վերջինիս խոսքով՝ նա ունի նյարդաբանական խնդիրներ, դժվար է քայլում և լսում։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի գերությունից վերադարձած Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վիգեն Էուլջեքչյանը հետազոտվել էին «Մուրացան» հիվանդանոցում և ուղարկվել տուն (Վիգենի դեպքում՝ հյուրանոց), իսկ Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվել էր «Նորք-Մարաշ» սրտաբանական կլինիկա։
