Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի օրն է
Փետրվարի 4-ին աշխարհում նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի օրը։ Այն կազմակերպել է Համաշխարհային հակաքաղցկեղային միությունը՝ 2005 թվականին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում քաղցկեղի բուժման ոլորտում արձանագրված վիճակագրական տվյալներ։
Քաղցկեղի առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում լիովին բուժելի են։ Նախարարի խոսքով՝ այդ նպատակով Հայաստանում ներդրվել և ընդլայնվել են սքրինինգային ծրագրերը, որոնք ուղղված են կրծքագեղձի, արգանդի պարանոցի և կոլոռեկտալ քաղցկեղների վաղ հայտնաբերմանը։
Ավանեսյանը նշել է, որ սքրինինգային այս ծրագրերը գիտականորեն ապացուցված մեխանիզմներ են և ամբողջ աշխարհում նպաստում են քաղցկեղից մահացության նվազեցմանը։ Նրա խոսքով՝ արդյունավետ պայքարը հնարավոր չի լինի առանց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման, որը հնարավորություն է տալիս բնակչությանը հասանելի դարձնել ժամանակակից հետազոտման և բուժման մեթոդները։
Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում քաղցկեղից մահացությունը նվազել է շուրջ 10%-ով։ 2024 թվականի վիճակագրությամբ՝ առաջնային հայտնաբերված պացիենտների միայն 18.4%-ն է եղել հիվանդության 4-րդ փուլում, մինչդեռ 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել է 30.1%։
Բացի այդ, եթե նախկինում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների 29%-ը հայտնաբերվում էր տեղային տարածված և մետաստատիկ փուլերում, ապա 2024 թվականի տվյալներով այդ ցուցանիշը նվազել է մինչև 15.5%։

