Շուտով Երևանում կգործարկվի մոպեդներով շտապ բուժօգնության ծառայությունը

Երևանում նախատեսվում է գործարկել մոպեդներով շտապ բուժօգնության արագ արձագանքման ծառայություն։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունը միտված է քաղաքային խցանումների պայմաններում շտապօգնության հասանելիությունն ու արձագանքման արագությունը բարձրացնելուն։ Նրա նշմամբ՝ ծրագիրը մշակվել է մի շարք երկրների փորձի ուսումնասիրության հիման վրա և վերաբերում է հատկապես հրատապ դեպքերին։

Ավանեսյանը հայտնել է, որ ծառայությունը գործելու է մոպեդներով տեղաշարժվող մասնագետների միջոցով, որոնք կկահավորվեն առաջին օգնության անհրաժեշտ պարագաներով և կկարողանան արագ հասնել դեպքի վայր։

Նախարարի խոսքով՝ ծրագիրը մոտ ժամանակում կմտնի գործնական փուլ, իսկ կառավարության համապատասխան որոշումը կընդունվի առաջիկայում։