«Յոլյան» կենտրոնին թալասեմիայի բուժման դեղամիջոց է տրամադրվել
Հայաստան-Հնդկաստան համագործակցության շրջանակում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին հերթական խմբաքանակ դեղամիջոցն է տրամադրվել՝ ընդհանուր 21 600 դեղապատիճ։
Դեղամիջոցը պաշտոնապես հանձնել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է, որ Հայաստան-Հնդկաստան համագործակցության զարգացումը, հատկապես առողջապահության ոլորտում, չափազանց կարևոր է։ Նա նշել է, որ այս բարեգործական նախաձեռնությունը կենսական նշանակություն ունի թալասեմիայով ապրող երեխաների համար, քանի որ դեղամիջոցը տրամադրվում է անվճար։ Միաժամանակ կարևորվել է երկկողմ գործընկերության ընդլայնումը և նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ ի նպաստ պացիենտների բուժման արդյունավետության բարձրացման։
Այցի ընթացքում կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի ուղեկցությամբ կազմակերպվել է շրջայց, որի ժամանակ ներկայացվել են կենտրոնի աշխատանքները և բուժական հնարավորությունները։

