Առողջապահության նախարարությունը հերքում է ՔԿՀ-ներում բուժօգնության բացակայության մասին պնդումները

ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ ազատազրկված բոլոր անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնել է նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ արձագանքելով ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հայտարարությանը։

Ավելի վաղ դիտորդական խումբը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կատարած այցից հետո, նշել էր, որ այնտեղ առկա իրավիճակը «համակարգային ձախողում» է, և որոշ դեպքերում ազատազրկված անձինք փաստացի մնում են առանց անհրաժեշտ բուժման։

Ի պատասխան՝ նախարարության ներկայացուցիչը ընդգծել է, որ գործող կարգավորումների համաձայն՝ ՔԿՀ ընդունվելիս իրականացվում են մարմնական և առաջնային բժշկական զննություններ, հոգեկան առողջության գնահատում, ինչպես նաև արագ թեստավորումներ։ Հետագայում բուժօգնությունը կազմակերպվում է դիմելիության, դիսպանսեր հսկողության և պարբերական կանխարգելիչ այցերի շրջանակում։

Նրա խոսքով՝ ստացիոնար բուժումը իրականացվում է «Արմավիր» ՔԿՀ համապատասխան բաժանմունքում՝ շուրջօրյա բժշկական հսկողությամբ, իսկ դեղապահովման շրջանակը վերջին շրջանում ընդլայնվել է։

Ծատրյանը նաև ընդգծել է, որ «համակարգային ձախողում» ձևակերպումը անընդունելի է՝ փաստական հիմնավորումների բացակայության պայմաններում։ Նրա խոսքով՝ դիտորդների կողմից ներկայացված որոշ դեպքեր, այդ թվում՝ լուսանկարներով ուղեկցվող պնդումները, չունեն համապատասխան բժշկական փաստաթղթային հիմք։ Նա հավելել է, որ նման գանգատով ազատազրկված անձ չի դիմել բուժանձնակազմին։

Միևնույն ժամանակ, դիտորդական խումբը պնդում է, որ որոշ ազատազրկվածներ կարող են ունենալ պատժի կրման հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, սակայն անհրաժեշտ հետազոտությունները ժամանակին չեն կազմակերպվում։ Նրանք կոչ են արել ապահովել անհապաղ բժշկական օգնություն, իրականացնել անկախ գնահատումներ և ուժեղացնել վերահսկողությունը հատկապես ռիսկային խմբերի նկատմամբ։