
Կլիմայական փոփոխությունների պատճառով «Դենգե տենդը» նոր տարածքներ է գրավում
Կլիմայական փոփոխությունները էկոհամակարգի հետ զուգահեռ ազդում են նաև վիրուսների տարածման վրա: Ջերմաստիճանի բարձրացումը և եղանակային կտրուկ փոփոխությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում վիրուսների և հատկապես դրանց փոխանցողների՝ մոծակների և տզերի տարածման համար: Այս փոփոխությունները մեծացնում են այնպիսի հիվանդության բռնկման վտանգը, ինչպիսին է «Դենգե տենդը»։
«Դենգե տենդը» հիվանդություն է, որն առաջանում է մոծակի խայթոցից։ Այն ունի 4 տեսակ։ Վիրուսն առավել հաճախ հանդիպում է արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, ներառյալ Կենտրոնական և Հարավային Ամերիկան: Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնի (UKCEH) կողմից իրականացված հետազոտությունները կանխատեսում են Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում տենդի բարձր ռիսկ:
Քլիվլենդի կլինիկան, որը համարվում է ԱՄՆ լավագույն բժշկական հաստատություններից մեկը, հետազոտություն է ներկայացրել տենդի դեպքերի թվի մասին։ Ըստ դրա՝ մոտ 400 միլիոն մարդ ամեն տարի վարակվում է դենգեով, որոնց մոտ 80 տոկոսը առանց որևէ ախտանշանի։
Տենդի ախտանիշները սովորաբար մեղմ են լինում, սակայն այլ վարակի առկայության դեպքում բարդությունների ռիսկը մեծանում է: Տենդը մարդուց մարդուն կարող է փոխանցվել միայն մայր-պտուղ եղանակով։
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ սեպտեմբերի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է ավելի քան 12,7 միլիոն վարակման դեպք։ Այս թիվը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ։ Վարակման դեպքերի այս ռեկորդային թվի մի մասը պայմանավորված է կլիմայական փոփոխությամբ։ Ամերիկացի հետազոտողները այս տենդի բռնկումը պայմանավորում են եղանակային սրընթաց փոփոխություններով՝ փոթորիկներ, հրդեհներ, երաշտ, ջրհեղեղներ: Եղանակային նման փոփոխությունները ճանապարհ են բացում դենգե տենդի՝ նոր տարածքներ հասնելու համար։
Շուշան Ասրյան