
Առաջարկվել է սահմանափակել էներգետիկ ըմպելիքների վաճառքը դեռահասներին
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ առաջարկել են Հայաստանում արգելել մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը։ Պատգամավորները նշել են նաև, որ պետք է արգելվի ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների վաճառքը ավտոմատ սարքավորումներով և տեխնիկական այլ միջոցներով, սահմանափակվի դրանց գովազդը և այլն։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ դեռահասների մոտ 40 տոկոսը օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ։ Դրանք իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար և այլ բաղադրիչներ, որոնք կարող են առողջական խնդիրներ առաջացնել մարդկանց մոտ։ Էներգետիկ ըմպելիքների սիրահարների ամենատարածված խնդիրներից են անքնությունը, գաստրիտը, նյարդային խանգարումները, սրտանոթային համակարգի հիվանդությունները և այլն։
Պատգամավորի խոսքով՝ նախագիծը ոչ միայն անդրադառնում է էներգետիկ ըմպելիքներին, այլև լրացնում է ալկոհոլային խմիչքների վաճառքի առնչությամբ առկա օրենսդրական բացերը, քանի որ գործող օրենսդրությամբ մինչև 18 տարեկան անձանց ալկոհոլային խմիչքների վաճառքի համար սահմանված է վարչական պատասխանատվություն, սակայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում անչափահասներին ալկոհոլային խմիչք վաճառելու արգելք սահմանված չէ։
Հանձնաժողովը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։
Այնուամենայնիվ, նման օրենքներ անընդհատ քննարկվում են Հայաստանում, բայց ծխախոտ կամ ալկոհոլային խմիչք վաճառելիս խանութներում հազվադեպ են անձնագիր պահանջում գնողներից։