
Հերոսների «Զինապահ» հիմնադրամից՝ դեպի բժշկական համընդհանուր ապահովագրություն
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ ասաց,որ 2026-ից ապահովագրության համակարգը կներառի բոլոր բնակիչներին՝ երեխաներից մինչև 65+ տարիքով անձանց և հաշմանդամություն ունեցողներին: Պետությունը կվճարի նրանց ապահովագրավճարները։
Նախարարը հայտարարեց, որ քանի որ առաջին տարում բոլորը պետք է համատեղ հարմարվեն համակարգի գործարկմանը, կառավարությունը որոշում է կայացրել, որ 200 հազար դրամից ավելի աշխատավարձ կամ եկամուտ ստացող անձինք ապահովագրավճարը վճարելու համար կունենան հնարավորություն՝ «Զինապահ» հիմնադրամին կատարվող վճարումները նվազեցնել մինչև 1000 դրամ, իսկ մնացած մասն ուղղել ապահովագրությանը։ Բացի այդ, այդ անձինք սոցիալական կրեդիտների շրջանակներում եկամտահարկի մասնակի վերադարձ կստանան։
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք «Զինապահ» հիմնադրամի այս փոփոխությունից չեն տուժի հերոսների ընտանիքները։ Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը,ասելով, որ հիմնադրամը բավական միջոցներ է կուտակել, ու այդ փոփոխությունը ոչ մի կերպ չի վնասի նրանց շահերը:
Հիշեցնենք, որ «Զինապահ»ը համահայկական նախաձեռնություն է, որը ստեղծվել է 2017թ. հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով՝ հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։