ԱռողջությունՀայաստան

Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերն առանց այդ դեղատոմսերի բացթողնելու մոտ 40,000 դեպք է արձանագրվել

Հայաստանում 2024 թվականին էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերն առանց այդ դեղատոմսերի բացթողնելու մոտ 40,000 դեպք է արձանագրվել։ Սրա մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Սլավիկ Սարգսյանը։

Սարգսյանը նշել է, որ դեղատոմսերի մասով ընդհանուր առմամբ մոտ 200 մլն դրամ տույժ է նշանակվել։ Նա անդրադարձել է նաև այն լուրերին, թե նախկինում տեսչական մարմինը 5000 դրամ տուգանում էր կոնկրետ իրացման դեպքի համար, այժմ դա արվում է յուրաքանչյուր հատիկ դեղի համար։ Վստահեցրեց՝ յուրաքանչյուր հատիկ դեղի համար երբեք ԱԱՏՄ-ն չի տուգանել և բացատրեց՝ տնտեսվարողը շարունակում է տուգանվել յուրաքանչյուր վաճառքի, իրացման դեպքի համար։

2025 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2566 անուն դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։

2024 թվականի մարտի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերով է վաճառվում 470 անուն դեղ, որից 375-ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է Հայաստանում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ Հայաստանում ընդհանուր առմամբ կա գրանցված 3370 անուն դեղ։ Ցուցակում ներառված են հակաբիոտիկներ, հակասնկային և մի շարք այլ տեսակների դեղամիջոցներ: