
Հայաստանի կառավարությունը հաստատեց առողջապահական ծրագրերի համար ԱԶԲ-ի 45․3 մլն եվրո արժողությամբ վարկը
Հայաստանի կառավարությունը հունվարի 23-ի նիստում հավանություն տվեց Ասիական զարգացման բանկի կողմից 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ տրամադրելուն Հայաստանի առողջապահական ծրագրերի իրականացման համար։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ գումարն ուղղվելու է առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը, առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը, բժշկական հաստատությունների լիցենզավորմանը, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:
Ավանեսյանը կարծում է նաև, որ այս ծրագրի շրջանակներում իրենց համար ոչ միայն կարևոր է վարկային միջոցների ներգրավումը, այլև այն տեխնիկական աջակցությունը, որը իրենց տրամադրելու են։
Ավանեսյանն անդրադարձավ նաև թվայնացման թեմային՝ նշելով, որ օնլայն ռեժիմով հավաքագրման մոնիթորինգ պետք է իրականացնեն և տվյալների հիման վրա պետք է եզրակացնեն` հասե՞լ են արդյոք նախարարության սահմանած որակի թիրախներին, թե ոչ։