
Պետության կողմից առաջին անգամ ներդրվել է ջրծաղիկի դեմ պատվաստումը
Հունվարի 31-ից մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը` փուլային եղանակով։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Առաջին փուլով պատվաստումներն իրականացվելու են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների շրջանում, ովքեր չունեն փաստագրված ջրծաղիկի դեմ պատվաստումային կարգավիճակ կամ ջրծաղիկով հիվանդացման փաստ։ 2027 թվականից պատվաստանյութը հասանելի կլինի նաև 4-6 տարեկան երեխաների համար, ովքեր ստացել են պատվաստման առաջին դեղաչափը։
Վերջին 15 տարիների ընթացքում ջրծաղիկով հիվանդանալու դեպքերը տարեկան միջինում կազմել են 15 հազար։ Առավելագույն արժեքը գրանցվել է 2011 թվականին։ 2011-2021 թվականներին գրանցվել է ջրծաղիկի 163764 դեպք։ Դեպքերի 70%-ը գրանցվել է 0-18 տարեկան անձանց շրջանում:
Ջրծաղիկի դեմ պատվաստանյութը ստեղծվել և կլինիկական փորձարկման է ենթարկվել 1970-1980 թվականների ընթացքում: Այն առաջին անգամ լիցենզավորվել է Գերմանիայում և Շվեդիայում 1984-ին: Ներկայումս աշխարհում կիրառվում են ջրծաղիկի դեմ կենդանի թուլացած լիոֆիլացված պատվաստանյութեր։
Ընդհանուր առմամբ՝ 2024 թվականին գրանցվել է ջրծաղիկի վարակման ավելի քան 22 հազար դեպք։
