
2013-2023-ի ընթացքում հայ դեռահասների շրջանում քաղցկեղի ցուցանիշը աճել է 135.9%-ով
ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային «Հերացի» գիտահետազոտական կենտրոնի կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում 2013-2023 թվականների ընթացքում 15-17 տարեկան դեռահասների շրջանում չարորակ նորագոյացությունների առաջնակի հիվանդացության ցուցանիշը աճել է 135.9%-ով, իսկ 0-14 տարեկան երեխաների շրջանում այն մնացել է գրեթե նույնը։
Հայաստանում մանկական քաղցկեղի ամենատարածված տեսակները լեյկոզներն են ու լիմֆոմաները։ Դրանք ախտորոշվում են շուրջ 50% դեպքերում։ Մինչև 1995 թվականը Հայաստանում մանկական ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում 5-ամյա ապրելիությունը կազմում էր ընդամենը 1-2%։ Այսօր, կիրառվող միջազգային բուժման պրոտոկոլների շնորհիվ, այդ ցուցանիշը հասնում է 75%-ի, իսկ որոշ տեսակների դեպքում՝ մինչև 95%-ի։ Մեր երկրում ձեռքբերված 75%-անոց առողջացման ցուցանիշը շատ մոտ է միջազգային լավագույն ցուցանիշներին։ Օրինակ՝ Գերմանիայում այս ցուցանիշը կազմում է 80-85%, իսկ ԱՄՆ-ում և Եվրոպայի որոշ զարգացած երկրներում՝ 85%։
Հիվանդության I-II փուլերում հայտնաբերման դեպքում երեխաների ապաքինման հավանականությունը բարձր է։
Քաղցկեղի վաղ հայտնաբերման համար խորհուրդ է տրվում պարբերաբար անցկացնել երեխաների բժշկական զննումմներն ու հետազոտությունները։ Ծնողներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել երեխայի մոտ հնարավոր անհանգստացնող նշանների և ախտանիշների նկատմամբ։ Դրանք կարող են ներառել ուռուցքային գոյացությունների կամ այտուցվածության առկայությունը, մաշկի գունատությունն ու արագ հոգնածությունը, անբացատրելի կապտուկների առկայությունը, ցավերի կամ կաղության առկայությունը, երկարատև ջերմությունը, հաճախակի գլխացավերը և փսխումը, տեսողության կտրուկ վատթարացումը, ինչպես նաև կտրուկ քաշի կորուստը։