
Երևանում կտեղադրվեն օդի որակը վերահսկելու դիտակայաններ
Պետական ֆինանսավորմամբ ձեռք բերված օդի որակի մոնիթորինգի երկու ավտոմատ դիտակայաններն արդեն Երևանում են։ Դրանք կտեղադրվեն համապատասխան վայրերում՝ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներից հետո։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով՝ դիտակայանների շահագործումը նախատեսվում է 2025 թվականի առաջին եռամսյակում։ Արդիականացված համակարգը թույլ կտա իրական ժամանակում չափել օդի հիմնական աղտոտիչները, այդ թվում՝ PM2.5 և PM10 փոշու մասնիկները, ազոտի և ծծմբի երկօքսիդները, ածխածնի մոնօքսիդը և գետնամերձ օզոնը։
Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերին մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցել էր համաշխարհային առողջապահական չափանիշները։ Դրանից հետո մայրաքաղաքում տեղարդվել էին օդի որակի 149 չափիչ սարքեր։
2025 թվականի փետրվարի 20-ին օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիր է ներկայացվել։ Այն կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր միջոցառումները, որոնք կնվազեցնեն օդի աղտոտվածությունը։ Այն հաշվի կառնի նաև մարդկային գործոնն ու որոշակի սահմանափակումների կիրառումը: