
Սլավոնական համալսարանում կարմրուկի 2 դեպք է գրանցվել
Սլավոնական համալսարանում կարմրուկի դեպքերի տարածման մասին նորությունները դեռ օգոստոսին էին հայտնվել մամուլում։ Վերջին շրջանում նմանատիպ տեղեկությունների հոսք նույնպես կար՝ կապված համալսարանում կարմրուկի դեպքերի նոր աճի հետ։
Համալսարանից տեղեկացրին, որ այս պահին կարմրուկի հաստատված դեպքեր կան 2 ֆակուլտետների 2 ուսանողների մոտ։ Նրանց հետ շփում ունեցած դասախոսները և ուսանողները անցել են հեռավար ուսուցման։
Համալսարանի ուսանողներից մեկը նշեց, որ սկզբում 21 օր հեռավար դասընթացներ են հայտարարվել համալսարանում։ Սակայն 2 օր անց նրանց տեղեկացրել են, որ դասերը վերսկսվել են։
Ֆակուլտետներից մեկի հետ մենք միասին դասի ենք նստել։ Նրանց մոտ կարմրուկի հաստատումից հետո հեռավար դասընթացների են անցել, իսկ մեզ մոտ՝ ոչ։ Այն առարկաները, որոնք մենք միասին էինք անցնում այդ ֆակուլտետների հետ, այժմ օնլայն ռեժիմով ենք անցկացնում, քանի որ նրանք չեն կարող գալ համալսարան։
Որոշ առարկաներ ֆակուլտետները անցնում են միասին։ Կարելի է եզրակացնել, որ հիվանդության տարածումը մի ֆակուլտետում կարող է տարածվել նաև մյուսների վրա։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը պարզաբանեց, որ մասնագետները իրազեկումներ են անցկացրել Սլավոնական համալսարանում, իրականացվել են իմունականխարգելման պատվաստումներ։ Նա նաև ասաց, որ հեռավար դասընթացների անցումը կարգավորվում է համալսարանի կողմից, բայց կարանտին հաստատելու համար դեպքերը պետք է հենց Հայաստանում գրանցվեն, ու վարակվածների որոշակի քանակ պետք է լինի։
Ընդհանուր առմամբ՝ երկրում չունենք կարմրուկի դեպքերի աճ։ Սլավոնական համալսարանում կարմրուկի վարակը բերվել է Վրաստանից։ Վարակված 2 ուսանողները նորից հետ են գնացել Վրաստան։ Սա մեր ունեցած տեղեկությունն է։ Նրանց մոտ կարմրուկը հաստատվել է Վրաստանում և նրանք հայաստանյան որևէ կենտրոնի չեն դիմել բուժօգնության կամ կարմրուկի թեստավորման համար, — նշեց Ծատրյանը։
Նա ևս մեկ անգամ հորդորեց բնակիչներին ինքնազգացողության վատացման, ջերմության կամ ցանի դեպքում անպայման դիմել բուժհաստատություններ և պատվաստվել։