ԱռողջությունՀայաստան

Մայիսին Հայաստանում կմեկնարկեն մելանոմայի վաղ հայտնաբերման անվճար զննումներ

Մելանոման մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է, որի վաղ հայտնաբերումը բառացիորեն կարող է կյանք փրկել։ Ամբողջ աշխարհում մայիսը նշվում է որպես մելանոմայի դեմ պայքարի ամիս, որի շրջանակում բազմաթիվ երկրներում անցկացվում են իրազեկման արշավներ, անվճար հետազոտություններ և կանխարգելիչ միջոցառումներ։ Հայաստանում ևս այս տարի նախաձեռնվել է կարևոր արշավ, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը և ապահովել հիվանդության վաղ հայտնաբերման հնարավորությունը՝ հատկապես մարզերում։

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մայիսին ողջ հանրապետությունում մաշկաբանական անվճար հետազոտություններ կիրականացվեն։ Ինչպես հայտնեց նախարարության մաշկաբանության և վեներոլոգիայի գծով խորհրդատու Հովհաննես Հովհաննիսյանը, մասնագիտական շրջիկ խմբերը այցելելու են Հայաստանի տարբեր մարզեր։

Հովհաննիսյանը ընդգծեց, որ մելանոման հաճախ մաշկի վրա կարող է հայտնվել որպես փոքր, անվնաս թվացող խալի ձև, առանց որևէ ցավի կամ արտահայտված ախտանիշի։ Սակայն հենց այս հանգամանքն էլ վտանգավոր է դարձնում հիվանդությունը, քանի որ այն կարող է արագ տարածվել և ախտահարել ներքին օրգանները։

ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանի խոսքով՝ Հայաստանում տարեկան մելանոմայի մոտ 60-70 դեպք է ախտորոշվում։ Սակայն այս թվերը իրական պատկերը չեն արտացոլում։

Նրա փոխանցմամբ՝ եթե մելանոման հայտնաբերվում է առաջին փուլում, ապա բուժման արդյունավետությունը գերազանցում է 95%-ը։ Իսկ երբ հիվանդությունն ախտորոշվում է չորրորդ փուլում, բուժված անձանցից միայն 20%-ն է ապրում հինգ տարի։

Մասնագետները պնդում են, որ մելանոմայից պաշտպանվելու ամենահզոր միջոցը կանխարգելումն է։ Խորհուրդ է տրվում պարբերաբար զննել մաշկը, հետևել խալերի փոփոխությանը և խուսափել արևի երկարատև ազդեցությունից։

Խորհուրդ է տրվում նաև օգտագործել արևապաշտպան քսուքներ, և խոսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապետ՝ կեսօրին։

Սեդա Մարտոյան