
Բժշկությունը առաջարկում է Ալցհեյմերի հիվանդության վաղ հայտնաբերման նոր եղանակ
Բժշկությունը մի քայլ առաջ է անցել՝ առաջարկելով Ալցհեյմերի հիվանդության վաղ հայտնաբերման նոր եղանակ՝ պարզ արյան թեստի միջոցով։
Ալցհեյմերը վտանգավոր և ցավոտ հիվանդություն է, որը դանդաղորեն խլում է մարդու հիշողությունն ու մտածելու կարողությունը։ Այն հիմնականում հանդիպում է տարեց մարդկանց մոտ։
Ինչպես ասում են՝ «մարդն ապրում է իր հիշողության մեջ», իսկ Ալցհեյմերը դա խլում է։
Տարիներ շարունակ բժիշկները պայքարել են այս հիվանդությունը վաղ հայտնաբերելու համար, բայց մինչ այժմ դա հնարավոր էր միայն բարդ ու թանկ հետազոտություններով՝ ուղեղի սկանավորում կամ ողնաշարի հեղուկի անալիզ։ Այս նոր թեստը արվում է սովորական արյան նմուշի միջոցով՝ ինչպես ցանկացած անալիզ։
Գիտնականները հայտնաբերել են, որ Ալցհեյմերի դեպքում արյան մեջ ի հայտ են գալիս հատուկ սպիտակուցներ՝ բետա-ամիլոիդ և ֆոսֆորիլացված տաու։ Նոր թեստը հենց դրանց մակարդակն է չափում՝ պարզելով, կա՞ արդյոք հիվանդության ռիսկ, թե՞ ոչ։
Ամերիկայի Առողջապահության ազգային ինստիտուտի աջակցությամբ արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեստի ճշգրտությունը մոտ 90 տոկոս է։ Դա նշանակում է, որ հնարավոր է հիվանդությունը հայտնաբերել այն փուլում, երբ այն դեռ չի հասցրել ուժեղ վնաս հասցնել։
Նախկինում հիվանդությունը հաճախ բացահայտվում էր ուշ՝ երբ արդեն հիշողությունը, խոսքը, որոշում կայացնելու կարողությունը լուրջ խանգարված էին։ Իսկ այս թեստի շնորհիվ հնարավոր կլինի ժամանակին արձագանքել՝ բուժումը սկսելով ավելի վաղ։
Թեստը դեռ լայն կիրառություն չունի բոլոր երկրներում, բայց արդեն Ամերիկայի սննդի և դեղերի վարչության կողմից հաստատվել է։ Շատ երկրներ հիմա դիտարկում են դրա կիրառման հնարավորությունը։