
Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնին
Թոքաբանության ազգային կենտրոնը միավորվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին։ Նախաձեռնությունը ներկայացվել է Հայաստանի առողջապահության նախարարության կողմից։
Որոշման հիմքում վերջին տարիներին տուբերկուլյոզի հիվանդացության և մահացության նվազող ցուցանիշներն են։ 2023 թվականին այդ ցուցանիշները 100 հազար բնակչի հաշվով կազմել են համապատասխանաբար 13.5 և 0.84։ Արդյունքում՝ թոքաբանության կենտրոնի մահճակալային ֆոնդը թերբեռնված է։
Առողջապահության նախարարության գնահատմամբ՝ բուժօգնության մատուցման ձևաչափի փոփոխությունը, մարդակենտրոն մոտեցումների ներդրումը և արտահիվանդանոցային ծառայությունների զարգացումը հիմք են տալիս ծառայությունները կենտրոնացնել մեկ հարթակում։
Չնայած ընդհանուր ցուցանիշների նվազմանը՝ խնդիրներ են պահպանվում դեղակայուն տուբերկուլյոզի և ՏԲ-ՄԻԱՎ համավարակի դեմ պայքարում։ Վերջինիս բուժման հաջողությունը 2023-ին չի գերազանցել 68%-ը։ ՏԲ-ՄԻԱՎ դեպքերի աճի ռիսկը բարձր է, իսկ ՄԻԱՎ-ի ախտորոշումն ու բուժումը Հայաստանում իրականացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնում։
Նախարարությունը համոզված է, որ կենտրոնների միավորումը կհանգեցնի մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման, համավարակի դեմ պայքարի ուժեղացման, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների առավել նպատակային բաշխման։ Այս մոդելն արդեն կիրառվում է մի շարք եվրոպական երկրներում։ Մասնավորապես, Ղազախստանի փորձը, որտեղ տուբերկուլյոզի ծառայություններն ինտեգրվել են առողջապահական համակարգին, դիտարկվում է որպես հաջողված օրինակ։