
Հայաստանում գործարկվել է հակածխախոտային խախտումների վերաբերյալ բողոքարկման բջջային հավելված
Հայաստանում հասանելի է դարձել Smoke.Free.Armenia անվճար բջջային հավելվածը, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս արձանագրել հակածխախոտային օրենսդրության խախտումները։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության վարչության գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ հավելվածը հասանելի է Android և iOS համակարգերում։ Օգտատերերը կարող են նշել խախտման վայրը, ներբեռնել համապատասխան լուսանկար կամ մեկնաբանություն՝ առանց անձնական տվյալների բացահայտման։ Անանուն հաղորդագրությունները կփոխանցվեն վերահսկող մարմիններին։
Նոր գործիքի անհրաժեշտությունն առաջացել է քաղաքացիներից ստացվող շարունակական բողոքների հիման վրա։ Չնայած 2022 թվականից գործող օրենքին, որով արգելվում է ծխախոտի օգտագործումն ու ցուցադրումը հանրային և առևտրային վայրերում, խախտումների թիվը դեռ բարձր է։
Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ընդգծել է, որ հավելվածի հիմնական նպատակը կանխարգելումն է, ոչ թե պատժամիջոցների կիրառումը։ Ըստ նրա՝ երկրում նվազում է սովորական ծխախոտ օգտագործողների թիվը, սակայն աճում է էլեկտրոնային ծխախոտին ու նիկոտինային սարքերին տրվողների քանակը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտան հավելել է, որ աշխարհում տարեկան մինչև 8 միլիոն մարդ մահանում է ծխախոտի պատճառով, իսկ 13-15 տարեկան շուրջ 37 միլիոն դեռահաս արդեն ծխում է։ Ըստ նրա՝ պետությունները պարտավոր են ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու նոր սերունդը ծխախոտային ազդեցությունից։