
Չկալովկա գյուղում բրուցելոզով վարակված մարդկանց թիվը կրկնապատկվել է
Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզով վարակված մարդկանց թիվն աճել է՝ հասնելով 10-ի: Նոր դեպքերը բացահայտվել են համայնքի բնակիչների շրջանում իրականացված լաբորատոր ստուգումների արդյունքում:
Մայիսի 22-ին Չկալովկայում արձանագրվել էր վարակվածության 4 դեպք: Դրանից հետո սկսված հակահամաճարակային միջոցառումների շրջանակում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը բնակչության շրջանում կատարել է ակտիվ հետազոտություններ, որոնց ընթացքում ստուգվել է 153 մարդու արյան նմուշ: Լաբորատոր թեստերի արդյունքներով հաստատվել է ևս 6 դեպք:
Բրուցելյոզը վտանգավոր վարակ է, որը մարդկանց հիմնականում փոխանցվում է հիվանդ կենդանիներից՝ տավարից, ոչխարներից, այծերից, երբ օգտագործվում են թերի ջերմամշակված միս, հում կաթ կամ դրա հիման վրա պատրաստված կաթնամթերք, մասնավորապես՝ անալի պանիր: Հիվանդությունը կարող է անդրադառնալ մարդու լիմֆոիդ հյուսվածքի, հենաշարժական և նյարդային համակարգի վրա, իսկ եթե այն քրոնիկ փուլ չի անցնում, բուժումը կարող է տևել մինչև 1-2 տարի: Մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց եթե հիվանդությունը չբուժվի ժամանակին, կարող է վերածվել քրոնիկ ձևի և բերել հաշմանդամության։
Հայաստանում բրուցելյոզը համարվում է էնդեմիկ հիվանդություն, այսինքն՝ պարբերաբար արձանագրվող վարակ, և այն կարող է հանդիպել տարբեր տարիքային խմբերում: Ներկայում Չկալովկայում շարունակվում են իրազեկման և կանխարգելիչ աշխատանքները, որպեսզի վարակի հետագա տարածումը հնարավորինս կրճատվի: