
Անձնական օգնականի ծառայությունից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կավելանա
Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված անձնական օգնականի ծառայությունը 2025 թվականին կշարունակի գործել՝ ընդգրկելով ևս 114 շահառուի։ Այդ նպատակով կառավարությունը նախատեսում է հատկացնել շուրջ 91 միլիոն դրամ։
Ծառայությունը գործում է 2024 թվականից և ուղղված է այն անձանց աջակցությանը, ովքեր ունեն հենաշարժողական, տեսողության կամ մտավոր և հոգեկան առողջության խորը, ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումներ և աշխատում կամ սովորում են։ Պարտադիր պայման է նաև, որ լրացած լինի անձի 15 տարին։
Անձնական օգնականները նախապես անցնում են վերապատրաստում և ստանում հավաստագիր։ Ծրագրի շրջանակում ծառայություն է ստանում 2024 թվականին ծառայություն է ստացել 101 շահառու։
Դեռևս 2024 թվականից անձնական օգնականի ծառայություն ստանալու համար հերթագրվել է ևս 114 շահառու, որոնցից վերապատրաստում են անցել 30-ը։ Վերապատրաստումները շարունակվում են։ Մինչև հունիսի 30-ը կվերապատրաստվեն ևս 84 անձնական օգնական։
Ծառայության շարունակության համար կառավարությունն առաջարկում է շուրջ 91,5 միլիոն դրամ վերաբաշխել մեկ այլ ծրագրից՝ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ»-ից, որն ունի չօգտագործված միջոցներ։ Այդ գումարը կծառայի անձնական օգնականի ծառայության մատուցման ծախսերը մինչև 2025 թվականի վերջ ծածկելուն։