ԱռողջությունՀայաստան

Հայաստանում ամառային շոգերի պատճառով արդեն բազմաթիվ մարդիկ դիմել են բժիշկների օգնությանը

Հայաստանում հաստատված ամառային շոգ եղանակը,երբ ջերմաչափի սնդիկը հասնում է 38 աստիճանից բարձր, լուրջ հետևանքներ է ունենում առողջության վրա։ Վերջին շրջանում սրտանոթային հիվանդություններով հոսպիտալացումների թիվը աճել է։

Հատկապես խոցելի են տարեցները, սրտի քրոնիկ խնդիրներ ունեցող անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր արյան ճնշման տատանումներ ունեն։ Երբ մարմինը ենթարկվում է բարձր ջերմաստիճանի, անոթները լայնանում են՝ նպաստելով մաշկի և մակերեսային հատվածների արյունամատակարարման ակտիվացմանը։ Սա, սակայն, հաճախ զուգորդվում է զարկերակային ճնշման անկմամբ, ինչը կարող է առաջացնել ընդհանուր թուլություն, գլխապտույտ կամ նույնիսկ ուշաթափություն։ Բացի դրանից, շոգ եղանակին ուժեղանում է քրտնարտադրությունը, որն օգնում է մարմնին կարգավորել իր ջերմաստիճանը, բայց միևնույն ժամանակ կարող է հանգեցնել ջրազրկման։

Այդ պայմաններում էլեկտրոլիտների պակասը խանգարում է սրտի բնականոն աշխատանքին, մեծացնում է առիթմիաների, սրտի ցավերի և նույնիսկ կյանքին սպառնացող բարդությունների առաջացման վտանգը։ Իրավիճակը հատկապես վտանգավոր է սրտի իշեմիկ հիվանդություն կամ սրտային անբավարարություն ունեցող անձանց համար, ինչպես նաև նրանց, ովքեր տառապում են սրտի ռիթմի խանգարումներով։ Նման մարդկանց օրգանիզմում ջերմակարգավորման համակարգը կարող է արդեն իսկ խաթարված լինել, և շոգը այդ ֆոնին դառնում է ճնշող գործոն։ Հատկապես տարեցները պետք է առավել զգույշ լինեն, քանի որ տարիքի հետ ջերմակարգավորման հնարավորությունները էապես նվազում են։

Սրտաբանները շեշտում են, որ առաջին հերթին պետք է խուսափել ջերմության ամենաբարձր ժամերից՝ առավոտյան 11-ից մինչև կեսօրից հետո 5-ը։ Այս ժամերին անհրաժեշտ է մնալ հով տարածքներում, նախընտրելի է օդափոխվող կամ օդորակվող սենյակներում։ Հեղուկների ընդունումը պետք է բավարար լինի՝ օրական առնվազն 2 լիտր մաքուր ջուր, սակայն որոշ հիվանդությունների դեպքում ցանկալի է այդ քանակը հստակեցնել բժշկի հետ։ Սուրճն ու ալկոհոլը պետք է հնարավորինս սահմանափակել, քանի որ դրանք կարող են արագացնել ջրազրկման գործընթացը։ Հիշեցվում է նաև՝ շոգ եղանակին որոշ դեպքերում անհրաժեշտ է հարմարեցնել դեղամիջոցների դեղաչափը, ինչը պետք է կատարվի բացառապես բուժողի հետ խորհրդակցելուց հետո։ Սրտի աշխատանքը մշտապես պետք է վերահսկել՝ չափելով զարկերակային ճնշումը և զարկերի հաճախականությունը։

Սեդա Մարտոյան