ԱռողջությունՀայաստան

Հերթական անգամ հացի արտադրամաս է փակվել

Երևանի բնակիչները կարող էին օրեր շարունակ գնել ու սպառել հաց, որը պատրաստվում էր խիստ անհիգիենիկ պայմաններում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել Աթոյան փողոցում գործող հացի արտադրամասում։ Այն պատկանում է անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին, և արձանագրել են մի շարք լուրջ խախտումներ։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ արտադրամասի ներսում պատերը, հատակը և առաստաղը չէին նորոգվել, եղել են վնասված ու կեղտոտ՝ ստեղծելով բեկորների թափվելու վտանգ։ Բացի այդ, դրանք պատրաստված չէին անջրանցիկ և ախտահանվող նյութերից։ Այն խիստ պահանջ է սննդի արտադրության ոլորտում։

Նախատեսված չէին նաև միջատներից պաշտպանող միջոցները․ պատուհաններին չկային հեշտությամբ մաքրվող ցանցեր, իսկ դռները պատրաստված էին ներծծվող նյութերից։ Այն վտանգ է ներկայացնում մանրէների կուտակման տեսանկյունից։

Այս խախտումների հիման վրա որոշվել է կասեցնել արտադրության գործունեությունը։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասը փակվել է մինչև բոլոր խախտումների վերացումը։

Տեսչական մարմինը հիշեցնում է՝ սննդամթերքի արտադրության բոլոր օբյեկտները պարտավոր են պահպանել հիգիենայի նորմերը՝ ապահովելու սպառողների առողջությունը։