
Երևանում օդի աղտոտվածության մակարդակը օգոստոսին մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի սահմանները․ ամենաաղտոտվածը Կենտրոն վարչական շրջանն է
Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ 202 5թվականի օգոստոսի առաջին տասնօրյակում Երևանի մթնոլորտային օդում գրանցվել են փոշու և ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի բազմակի գերազանցումներ։
Փոշու պարունակությունը առավել բարձր է եղել օգոստոսի 8-ին։ Բոլոր դիտակայաններում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.1-2.1 անգամ։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կենտրոն վարչական շրջանում՝ Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկում։ Տասնօրյակի ընթացքում փոշու գերազանցումներ արձանագրվել են Կենտրոնում՝ մինչև 2.1 անգամ, Արաբկիրում՝ մինչև 1.9 անգամ, Նոր Նորքում՝ մինչև 1.5 անգամ, Շենգավիթում՝ 1.4 անգամ։
Ազոտի երկօքսիդի ամենաբարձր կոնցենտրացիան (թույլատրելի մակարդակից 2.1 անգամ բարձր) նույնպես արձանագրվել է Կենտրոնում օգոստոսի 9-ին։ Գերազանցումներ արձանագրվել են նաև Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում։
Ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունը հիմնականում թույլատրելի սահմաններում է եղել, բացառությամբ որոշ հատվածների, որտեղ ծծմբի երկօքսիդի մակարդակը գերազանցել է նորման մինչև 2.1 անգամ։
Նուբարաշենի աղբավարի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն օգոստոսի 3-10-ը ընկած ժամանակահատվածում ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ չեն դիտվել։ Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն մեկ դիտակետում՝ 1․2 անգամ։ Չնայած նախարարությունից հայտնում են, որ Նուբարաշենի հրդեհի պատճառով խախտումներ չեն արձանագվել, այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանի հրապարակած տվյալներից տեսնում ենք, որ Էրեբունի վարչական շրջանում օդը համարվում է անառողջ՝ զգայուն խմբերի համար։
Նախարարությունը հիշեցնում է, որ նման աղտոտվածությունը կարող է բացասաբար ազդել քաղաքացիների առողջության վրա, հատկապես՝ երեխաների, տարեցների և շնչառական խնդիրներ ունեցող անձանց։