ԱռողջությունՀայաստան

Գոռավան գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասում խախտումներ են գրանցվել

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Արարատի մարզի Գոռավան գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասում։ Այն պատկանում է անհատ ձեռնարկատեր Ահարոն Ղարիբյանին։

Ստուգման ընթացքում վերցված նմուշները ուղարկվել են լաբորատոր հետազոտության, և դրա արդյունքները ցույց տվեցին մտահոգիչ պատկեր. «Պանիր Չանախ» (արտադրվել է 30․07․2025) և «Պանիր Լոռի» (արտադրվել է 31․07․2025) արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներով էին աղտոտված։ «Կաթնաշոռ» (արտադրվել է 30․07․2025) արտադրատեսակի նմուշներում հայտնաբերվել են կաթնաթթվային միկրոօրգանիզմներ, որոնք չեն համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարգադրել է անմիջապես կանգնեցնել նշված խմբաքանակների իրացումը, շուկայից հետ կանչել դրանք և ոչնչացնել կամ օգտահարել՝ ապահովելով, որ հետագայում արտադրանքը լիովին համապատասխան լինի բոլոր տեխնիկական պահանջներին։ Ահարոն Ղարիբյանը պարտավորվել է ամբողջությամբ կատարել տեսչական մարմնի հանձնարարականները։

Արդեն այսօր մենք տեղեկացրել էինք Արարատի մարզում գտնվող ևս երեք սննդի օբյեկտների մասին, որտեղ ՍԱՏՄ-ն հետազոտություններ էր իրականացրել։ Մյուս երեք կետերում ևս խնդիրներ են եղել գրանցված։