
Փոխհատուցվող դեղերի դեղատոմսերը կտրամադրվեն մինչև երեք ամսով
Կառավարությունը փոփոխել է փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրելու և բաց թողնելու կարգը։ Նոր կարգով՝ դեղի առաջին նշանակման դեպքում այն դուրս կգրվի մեկ ամսվա համար, իսկ եթե բուժառուն այլևս գանգատներ չունենա, ապա հետագայում դեղատոմսը կտրամադրվի մինչև երեք ամսվա համար։
Մինչ այժմ հիվանդները, հատկապես քրոնիկ հիվանդություն ունեցողները, ստիպված էին ամեն ամիս այցելել բժշկին՝ նույն դեղերը ստանալու համար։ Կառավարության կարծիքով՝ նոր համակարգը կթեթևացնի ինչպես պացիենտների, այնպես էլ բժիշկների ծանրաբեռնվածությունը։
Բացի այդ, փոխհատուցվող դեղատոմսի ուժի մեջ լինելու ժամկետը երկարաձգվում է․ այն կգործի 90 օր, մինչ այժմ գործող 30-ի փոխարեն։
Փոփոխությունները վերաբերում են նաև այն դեղերին, որոնք տրամադրվում են սիրտ-անոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցող անձանց՝ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով։
Կառավարությունը վստահ է, որ այս քայլը կբարձրացնի բուժօգնության որակը և կնվազեցնի բնակչության անհարմարությունները։